Հանգուցյալ Ավետիք Բուդաղյանի հոր` Էմիլ Բուդաղյանի խոսքով Ավետիքի մարմնից հինգ գնդակ են հանել: Ավետիքը սպանվել է հունիսի 1-ին` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կամ բակում: Հրապարակված տեսանյութով դժվար է պատկերացնել տարածքը, ուր տեղի է ունեցել միջադեպը, Լիցկայի տան բակն էր, թե կողքը, բայց, դատելով «մեր» օլիգարխների ու իրենց ամենազոր համարող պաշտոնյաների «էս սարն իմն է, էս ծառն իմն է» հանգի «խասիաթից», կարելի է մտածել, որ Լիցկան այդ տարածքն իր բակն է համարում: Հետաքրքիր է, այդ բակում երևացող բազմաթիվ մարդկանցից ով քանի գնդակ է ուղղել Ավետիքի կողմը: Երբ մի հոգու վրա կրակում են մի քանիսը ու, ոչ ավել-ոչ պակաս, հինգ գնդակ, նշանակում է` կա´մ այդ մեկը շատ վտանգավոր հանցագործ էր ու զինված էր մինչև ատամները, կա´մ նրան վերացնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ յուրաքանչյուրն իր հերթին ուզում էր վայելել այդ «հաճույքը»: Եվ քանի որ Ավետիք Բուդաղյանը մինչև ատամները զինված վտանգավոր հանցագործ լինելուց շատ հեռու էր, ավելի հավանական է երկրորդ տարբերակը` առավել ևս, նկատի ունենալով Լիցկայի ոչ բարի համբավը` ողջ Սյունիքի մարզը իր բռում հավաքելու առումով: Եվ այս կոնտեքստում նաև նկատի ունենալով, որ Ավետիք Բուդաղյանը, ըստ խոսակցությունների, հակառակվել է լիցկայական չգրված օրենքներին: Ուրեմն և հարմար առիթը` Լիցկայի մտածողությամբ, կայացել էր: Հինգ գնդակը այդ «հարմարության» տեսանկյունից էր բանեցված:
Էմիլ Բուդաղյանը նաև ասել է, թե Լիցկան եղել է իր տան պատշգամբում և ինքն է կրակել Ավետիքի վրա: Հնարավոր է, որ Էմիլ Բուդաղյանը մի բան գիտի: Ասենք` չի բացառվում, որ կողքից մեկը տեսել ու ասել է Բուդաղյանների հորը այդ մասին: Հետաքրքիր է` Լիցկան ե՞րբ է կրակել Ավետիքի վրա: Հենց սկզբի՞ց, թե՞ հետո: Նա գուցե դարանակալած սպասել է պատշգամբում, ու երբ Ավետիքը հայտնվել է, ու տնեցիք վրիպել են, ինքը օգնության է հասել: Ինչ վերաբերում է Լիցկայի որդուն, նրա արյան մեջ թմրանյութ են հայտնաբերել, իսկ սա նշանակում է, որ թմրանյութի ազդեցության տակ գտնվողը չէր կարող չկրակել: Եթե հարբածի համար ծովը ծնկներից է, ապա թմրանյութ օգտագործածի համար` ոտնաթաթի հոդերը հազիվ է ծածկում: Եվ ուրեմն ենթադրվում է, որ Տիգրան Խաչատրյանը նույնպես կրակել է: Անհավանականության շարքից չի նաև Լիցկայի թիկնապահ Զարզանդի կողմից արձակված գնդակի վարկածը: Հո չէ՞ր կարող հավատարիմ թիկնապահը տիրոջը մենակ թողնել այդ «սուրբ» գործում, երբ Ավետիքն իր ոտքով էր եկել «գնդակներն ընդունելու»:
Այսքանը միայն իմ` իրավաբանական կրթություն չունեցողիս վարկածով, ով կարող է միայն ենթադրություններ անել ու փաստերը համադրել` ըստ մամուլում շրջանառվող վկայությունների: Իսկ ի՞նչ են մտածել նրանք, ովքեր, ձեռքի տակ ունենալով բազմաթիվ վկայություններ, հավելած` տեսանյութի բնօրինակը, գործ են հարուցել Արտակ Բուդաղյանի նկատմամբ: Սուրիկ Խաչատրյանի կապերը, պարզ է, ամենուր են, բայց չէ՞ որ մարդ է սպանվել: Եթե կա սպանված, կա և մարդասպան: Ուրեմն ո՞վ է սպանել Ավետիք Բուդաղյանին: Եվ մի վերջին նկատառում: Եթե Լիցկան փորձում է ամեն ինչ տանել դեպի ինքնապաշտպանություն, ապա ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 42-ի առաջին կետով ամրագրված է. «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»: Նույն` պաշտպանության սահմանազանցման մասին է խոսվում հաջորդող մի քանի հոդվածներում նույնպես, որոնցում հանցագործությունը ներկայացված է ըստ տարբեր իրավիճակների:
Հիմա` արդյո՞ք պաշտպանության սահմանազանցում են կատարել Խաչատրյանները: Միգուցե ասվի, որ Ավետիք Բուդաղյանը եղել է զենքով, ու իրենք նույնպես դիմել են զենքի: Բայց Ավետիքին հինգ գնդակ է հասել: Տրամաբանական է, որ սահմանազանցման հետևանքով մարդը մահացել է, մինչդեռ կարելի էր ընդամենը մեկ անգամ ոտքին կրակել ու նրան վնասազերծել:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ